Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ուրախ ենք ողջունել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովներին՝ գլխավորությամբ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի։
Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել տեղում անվտանգության բարելավման և սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում տեղի կունենա Գրիգորյան-Մուստաֆաև 3-րդ հանդիպումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին կայացել է հանձնաժողովի 2-րդ նիստը, որտեղ կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, մտքեր են փոխանակել հանձնաժողովների հետագա աշխատանքի և համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ: Հաստատվել է համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածությունը: Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը մայիսի 24-ին առաջին հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանին։