Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Նա նաև նշել է, որ երբ խոսքը վերաբերում է քաղաքացիական և քաղաքական ազատություններին, Ադրբեջանը պահպանում է ժողովրդավարության ամենացածր վարկանիշն աշխարհում՝ հավաքների, բողոքի ակցիաների և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքը ճնշելու ապացուցված փորձով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: