Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի հայտարարություններն էապես տարբերվում են, ուստի ՌԴ ԱԳՆ-ի համար դժվար է գնահատական տալ Երևանի դիրքորոշմանը, հայտարարել է ռուսական գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է և՛ ռուսական առաջարկների վրա հիմնված փաստաթուղթ ստորագրելու մտադրության մասին, և՛ Արևմուտքի կողմից քարոզվող հակամարտության ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության։
«Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարություններն էապես տարբերվում են։ Վերոհիշյալ ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության մասին, միևնույն ժամանակ Արևմուտքի կողմից հրահրվող հակամարտության ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին»,- ասել է Զախարովան։
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Երևանի համաձայնությունը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման հարցում հիմնված է լինելու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովին հաջորդած հայտարարության մեջ և «արմատապես. փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը»։
«Փաստաթուղթը հաստատում է այն սահմանների անձեռնմխելիությունը, որոնք կային ԽՍՀՄ հանրապետությունների միջև, երբ Ղարաբաղն ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։ Այդ հանգամանքը դժվար է անտեսել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում»,- ասել է նա։
Բացի այդ, ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն Երևանը չեղարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը, ինչը թույլ չի տվել քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ «հրատապ հարցեր», այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Զախարովան նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելու Մոսկվայի առաջարկը մնում է ուժի մեջ և կոչ է արել Երևանին դադարեցնել «սխոլաստիկայով զբաղվելը»։
«Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացմանը համահունչ, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ Հայաստանը մտադիր չէ Ռուսաստանի Դաշնության հետ վերջնագրերի լեզվով խոսել։ «Հայաստանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման հարցում կիրառում է զուտ դիվանագիտական գործիքներ՝ Ադրբեջանի վրա հնարավորինս ուժեղ արտաքին ճնշում ապահովելուն ուղղված՝ ստիպելով նրան բացել Լաչինի միջանցքը»,- ընդգծել է նա։
Միաժամանակ, վարչապետը մատնանշել է ռուս խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը, ըստ նրա, հստակ ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Հայաստանի վարչապետը հավելել է, որ Բաքվի գործողություններն ուղղված են «կոտրելու իրենց հայրենիքում ապրող հայերի կամքը»։