Հայաստանը, որպես միջազգային հանրության նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին, առաջարկի օգնություն և համաձայնության դեպքում օգնի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր, ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, ապա դա որոշակի առումով դրական ազդակ է»,- ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ ցանկության դեպքում, փաստորեն հնարավոր է սահմանները բացել, շահագործել ճանապարհները։
Խանդանյանը հույս հայտնեց, որ Թուրքիայի կառավարությունը կհակվի այս գործընթացին և ավելի արագ արդյունքներ կշոշափվեն։
Նա նաև նշեց, որ աշնան վերջում Մարգարայի կամրջի շահագործման համար տեխնիկական խմբերը հանդիպել են, գնահատել իրավիճակը։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա՝ Մարգարայի կամրջով։ Մարդասիրական օգնություններով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ճանապարհ են ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Նշենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է թուրքական կողմից 1993-ի ապրիլից: Ի համերաշխություն Ադրբեջանի՝ Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը այն բանից հետո, երբ հայկական ուժերը մտան Քարվաճառ:
Մանրամասները՝ տեսանյութում։