ԱՄՆ-ում ցուցադրված իբրև թե ադրբեջանական գորգերի մեջ առկա են հայկական, կովկասյան և թալիշական գորգերի կրկնօրինակներ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը՝ մեկնաբանելով օրերս Վաշինգտոնում կայացած Ադրբեջանական գորգերի ցուցահանդեսի լուսանկարները: Նշված է, որ ցուցահանդեսում ներկայացնում է 76 ցուցանմուշ, որոնք պատկանում են Ղարաբաղի, Գյանջա-Ղազախի, Ղուբա-Շիրվանի և Թավրիզի գորգագործության դպրոցներին։
Հարցին, թե հնարավո՞ր է զարդանախշերով որոշել, թե որ ազգին է պատկանում գորգը, Ասծատրյանն ասաց, որ զարդանախշն ինքն իրենով ազգային չէ, այն համամարդկային արժեք է:
«Նույն զարդանախշը կարող եք բոլոր ազգերի մոտ էլ տեսնել: Իսկ թե ինչ ազգ է գործել գորգը, կարելի է հասկանալ տեխնիկական հատկանիշներից, գույներից»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ բոլոր ցուցադրված նմուշները նոր են, որևէ հին գորգ այնտեղ չկա:
«Ադրբեջանական հին գորգ լինել չի կարող, քանի որ Ադրբեջանը նոր պետություն է, ազգն էլ է նոր: Կա ազերի ազգ Պարսկաստանում, իսկ ադրբեջանցի ազգը 1930-ականներից է ի հայտ եկել: Ասեմ ավելին՝ ադրբեջանական գորգ հասկացություն առաջին անգամ ի հայտ է եկել 20-րդ դարի երկրորդ կեսին»,- ասաց նա՝ նշելով, որ որևէ տպագիր կամ ձեռագիր աղբյուրի մեջ անհնար է նման բառակապակցություն գտնել:
Ասծատրյանը պարզաբանեց, որ թեև մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը գորգագործությունը կանոնիկա ուներ, այն ակադեմիական էր ու չէր կարող ով ինչ ուզեր՝ աներ, սակայն հիմա նմանատիպ գորգեր ամեն տեղ էլ գործում են, Հայաստանում էլ, Պակիստանում էլ… ուղղակի կարող են խառնել զարդանախշերը, փոխել գույները. «նման բաներ աշխարհում լիքն են», ասաց նա:
«Այդ ցուցահանդեսում ներկայացված գորգերի գույներն էլ բնական չեն, քիմիական տգեղ ու անորակ գույներ են: Նման գույների գորգերն անհարմար է գորգեր անվանել: Ես զարմացած եմ նույնիսկ: Իրեն հարգող որևէ կազմակերպություն նման գորգ չի ցուցադրի»,- շեշտեց Ասծատրյանը:
Նա նշեց, որ Շուշիի թանգարանի 120 գորգ կորցնելուց հետո Հայաստանում բնական, 300-ամյա գորգերի տեխնոլոգիայով գորգեր են գործվում: Ցանկություն կա ավելի ընդլայնել հայկական բնական մանված, պղնձի մեջ եփվելով ստացած գույներով ստեղծված թելերով գործված գորգերի արտադրությունը:
«Շուշիում շատ բան ենք կորցրել: Պետք է Հայաստան բերված գորգերի վերջնական ճակատագիրը որոշվի, որ ավելի հեշտ լինի»,- ասաց Ասծատրյանը:
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ նախարարությունը հանդես է եկել գորգերի համատեղ ցուցադրության նախաձեռնությամբ, որի շրջանակում դիտարկվել են ինչպես մասնավոր տարածքներում, այնպես էլ պետական թանգարաններում կազմակերպման հնարավորությունները:
«Նպատակահարմար է համարվել ցուցադրությունը կազմակերպել Հայաստանի Հանրապետության առանցքային թանգարանային կառույցում՝ Հայաստանի պատմության թանգարանում, որը դրական արձագանք չի ստացել սեփականատիրոջ կողմից»,- նշել են նախարարությունից:
Պատասխանելով ԱՄՆ-ում կազմակերպված ցուցադրությանը հետևողական լինելու մասին հարցին, ԿԳՄՍ-ն պատասխանել է, որ մշտապես համագործակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ։
«Վերահաստատում ենք, որ նախարարությունը հետևողական է Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցում, և գորգերի ցուցադրության հարցը դիտարկում է ընդհանուր հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության համատեքստում»,- ասված է հացման պատասխանում:
Նշենք, որ Շուշիից Հայաստան բերված 170 գորգերն այժմ ցուցադրվում են Վանաձորի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում: Գորգերի համար դեռևս մշտական վայր ԿԳՄՍ-ն չի նախատեսել, սակայն Վանաձորում դրանք կմնան մինչև այս տարվա նոյեմբեր: Մինչ այդ գորգերը պահվում էին Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որտեղ 71 գորգ ցուցադրվում էր, իսկ 99-ը պահված էին տեղում:
Արաքսյա Սնխչյան