Ադրբեջանը Շուշիի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհի «բնապահպաններին» հանել է, սակայն նույն տեղում ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները: Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, պարզապաես իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Փաստացի՝ այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել` Հակարի գետի կամուրջին` անմիջապես Կոռնիձոր գյուղի մատույցներում և Շուշիի հարակից հատվածում, որտեղ վերջին 4 ամիսներին էկոակտիվիստների անվան տակ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ էին»,- գրել է Աբրահամյանը:
Աբրահամյանը մատնանշել է Արցախի վրա ճնշումների կտրուկ աճը և, ըստ նրա, իրավիճակի լուծում դեռևս չկա. «Մինչ Հայաստանի ղեկավարությունը միջանցքն անվանում է Ռուսաստանին պատկանող տարածք, իսկ Ռուսաստանը կոչ է անում Հայաստանի իշխանություններին չխուսափել այս գործընթացի պատասխանատվությունից, Արցախի ժողովրդի վիճակը շարունակում է վատթարանալ»,- եզրափակել է պատգամավորը։
Ադրբեջանն ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։
Բացի այդ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ բողոքի բովանդակությունը կներկայացնեն դատարանից պատասխան ստանալուն պես: