Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, թերևս, որոշել է քաղաքական գործունեություն ծավալել, քաղաքական հարցեր քննարկել՝ հոգևորական խնդիրներով զբաղվելուն զուգահեռ, գրում է «Ժողովուրդ»-ը՝ նշելով, որ դրա վառ ապացույցը նաև նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումն էր:
Այդ քննարկմանը մասնակցել են նաև եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։
«Իհարկե, կարևոր է, որ Հայաստանի, Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին մասնակից լինեն մեծ թվով անձինք, ուժեր, սակայն այստեղ, թերևս, ամենաուշագրավն այդ ամենին հենց կաթողիկոսի մասնակցությունն է, որը միշտ է խոսել եկեղեցին քաղաքականությունից անջատ պահելու պատրաստակամության և կարևորության մասին»,- գրում է թերթը:
Թերթի տվյալներով՝ հունիսի 11-ին կգումարվի միաբանական հավաք: Թեմերից Մայր Աթոռ է ժամանել մոտ 7 տասնյակ հոգևորական: Նրանք ունեն խտացված դժգոհություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, որի հետևանքով Հայաստանի և Արցախի քարտեզները փոքրանում են: