Բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը գործնականում դրսևորվեց 2021-2022 թվականների ընթացքում, Անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բարձր ենք գնահատում նաև ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ հանուն ՀՀ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության, հանուն անկախության, ինքնիշխանության և տարածաշրջանում երկարատև խաղաղ զարգացման»,- իր ուղերձում ընդգծել է Փաշինյանը։
Նա նշել է, որ վերջին տարիների հայ-ամերիկյան ակտիվ երկկողմ հարաբերությունները խոստումնալից են՝ հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
«Ուրախ եմ արձանագրել, որ մեր կառավարությունների միջև առկա է փոխվստահության վրա հիմնված համագործակցություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով հասցեագրելու առկա մարտահրավերները և առավել ամրապնդելու մեր պետությունների ու ժողովուրդների միջև կապը»,-հավելել է Փաշինյանը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ հունիսի 27-ին մեկնարկել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ։
Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ-ում Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներով Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր առաջընթացի մասին՝ միևնույն ժամանակ ամրագրելով, որ որոշ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարության մեջ ևս նշել էր առաջընթացի մասին՝ նշելով, որ կողմերը համաձայնության են եկել հաշտության պայմանագրի նախագծի մի շարք լրացուցիչ հոդվածների շուրջ։
Մայիսի 1-4-ն ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարբերվում են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ում կայացած բանակցություններում կողմերին հաջողվել է համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի որոշ կետերի շուրջ՝ ընդգծելով, որ բավարար տարաձայնություններ են մնացել։ Բլինքենը նշել էր, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, իսկ վերջնական համաձայնությունը «հասանելի է»։