Երևանից շարժվելուց առաջ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել և ծանոթացել են Շահումյանի հրապարակում կայանված բեռնաատարների պարունակությանը, սակայն միևնույն է, Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքը ԼՂ։ Կառավարության հուլիսի 27-ի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ ուրեմն Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը ԼՂ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «Մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը»։
Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով։ «Սա իհարկե անհեթեթ պնդում է, բայց դա օգտագործվում էր Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար»,- ասաց նա։
Անկախ գնահատականներից, սակայն, հայկական կողմը սպասում է ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները։
«Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ընդհակառակը, կնպաստի տարածաշրջանում խաղաղաություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին»,- ասաց վարչապետը։
Մենք խնդրել ենք, որ ռուս խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված, ասաց նա։
Փաշինյանը հրապարակայնացրեց Լաչինի միջանցք ուղարկված հումանիտար օգնության պարունակությունը
Այն է՝ ալյուր-100 տոննա, մակարոնեղեն-80 տոննա, շաքարավազ-60 տոննա, բուսայուղ-40 տոննա, կաթի փոշի-40 տոննա, աղ-20 տոննա, մանկական կեր-12 տոննա, դեղորայք-9 տոննա, ընդհանուր՝ 361 տոննա բեռ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։ Այսօր Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ մոտ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Հայտնել էինք նաև, որ «Սնունդ կյանքի համար» մոտ 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում և կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։ Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը՝ հայտարարելով, որ «սադրանքին մասնակցել են Հայաստանում ԵՄ առաքելությունը և դիվանագիտական կորպուսը՝ ցույց տալով, որ դա նախապես ծրագրված քայլ է»։