Ընդդիմությունը որոշել է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Նա ասել է, որ երեկ խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու «ճանապարհային քարտեզը»։ Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել Ազգային կոմիտե ստեղծելու անհրաժեշտության շուրջ, որը կղեկավարի շարժումը և կլինի պատասխանատու։
Սաղաթելյանը նաև ասել է, որ ընդդիմությունը պատրաստել է գործողությունների ծրագիր, որի վերջնական արդյունքը պետք է լինի գործող իշխանության հեռացումը։ Նրա խոսքով՝ այս ծրագրի շրջանակներում խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնելու է կառավարության իմպիչմենտի գործընթացը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում զինված գործողություն սկսելու մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման նպատակն անվանել էր Հայաստանին ներքաշել հակամարտության մեջ։ Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում սկսվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում էին տեր կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչպես նաև կոչ էին արել երկրում իշխանափոխություն իրականացնել։ Ավելի ուշ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնց ընթացքում ոստիկանները օգտագործել են խլացուցիչ նռնակներ։