Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևությանը սպառնող վտանգը ստիպում է ինձ քաղաքական պայքար սկսել, հայտարարել է ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ ինքը հեռացվել էր պաշտոնից ադրբեջանական կողմի պահանջները չընդունելու համար։
«Ես հեռացվեցի պաշտոնից, որովհետև չընդունեցի ադրբեջանական կողմի պահանջները՝ այսպես կոչված «ուլտիմատումը», հրաման տվեցի կրակ բացել հակառակորդի վրա նրա առաջխաղացման և ՀՀ ներխուժման փորձերի դեպքում։ Հեռացվեցի նրա համար, որ 3 անգամ գնացի Արցախ և փորձում էի կազմակերպել Արցախի Հանրապետության պաշտպանությունը և նրա համար, որ ես համաձայն չէի ներկա կառավարության բոլոր մտադրությունների հետ։ Մեր երկրի շուրջ չափազանց արագ զարգացող վտանգավոր աշխարհաքաղաքական իրադրությունների պայմաններում մենք ողբերգալի դեպքերի ականատես եղանք: Նկատի ունեմ Արցախում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը, որը հնարավոր եղավ Հայաստանի իշխանություների վախկոտության և դավաճանության պատճառով, որոնք արցախցիներին բախտի քմահաճույքին թողեցին։ Այսօր չկա մի իրական հայրենասեր, ով ցավ ու զայրույթ չզգա իր սրտում, իմանալով արցախյան իրադարձությունների մասին, իմանալով թե ինչպես է մեր վախկոտ իշխանությունը նպաստել մեր հպարտ ժողովրդի կոտորածին ու ստորացմանը»,- ասել է նա՝ դիմելով աշխարհասփյուռ հայությանը:
Կարապետյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն իրականացվել է ՀՀ կառավարության ղեկավարի խնդրանքով։
«Ստույգ գիտեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն էր, որ մտահոգված իր աթոռը պահպանելով, դիմել ադրբեջանցիներինին՝ հայ ժողովրդի արժանի զավակ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով»,- ասել է նա՝ կոչ անելով պահպանել Հայաստանի պետականությունը և նշել, որ հայերի ոչնչացման հարցում թշնամին կանգ չի առնելու:
«Թշնամին պատրաստվում է մեզնից խլել ամեն ինչ, նույնիսկ մեր կյանքը։ Նրանք մեր այսօրվա իշխանությունների հետ միասին փորձում են մեր ազգային զայրույթն ուղղղել մեր ռուս եղբայրների դեմ՝ օգտագործելով այսօրվա իրադարձությունները իրար դեմ հանել հայ և ռուս ժողովուրդներին»,- հավելել է Կարապետյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ խաղաղպահ գործունեությունը հնարավոր չէ գնահատել «լավ»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին «ձերբակալելու» մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին գերեվարել են, 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։
Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 20֊ին, պաշտոնանկ արվել՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ին։