Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս «The Wall Street Journal» ամերիկյան միջազգային օրաթերթին:
Ավելի վաղ գրել էինք, որ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան չի կատարել դաշնակցի իր պարտավորությունները, հատկապես սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման ժամանակ։
«Այս իրադարձություններն, ըստ էության, մեզ հանգեցրին այն որոշմանը, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր անվտանգության հարաբերությունները, և մենք հիմա փորձում ենք դա անել»,- ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ դրա պատճառով ինքը որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ։
Հարցազրույցում Փաշինյանը մեկնաբանել է նաև իր հասցեին հնչող ռուսական քննադատությունները: Ըստ հրապարակման՝ հարցին, թե արդյոք իրեն մտահոգում են նման հայտարարությունները և մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է իրեն հեռացնել իշխանությունից, Փաշինյանը «չի թաքցրել իր հիասթափությունը»։ «Այս մոտեցումը խախտում է բազմաթիվ կանոններ՝ սկսած միմյանց ներքին գործերին չմիջամտելուց և դիվանագիտական կոռեկտությունից»,- ասել է նա։