Հարավային Կովկասում միջազգային ուժային վակուումը տարածաշրջանում Ռուսաստանի նախկին ազդեցության կորստի և Բաքվի կողմից ԵՄ ջանքերն անտեսելու համատեքստում կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության նոր սրման, գրում է Financial Times-ը։
«Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը չլուծվի, վտանգը ոչ միայն տարածաշրջանային էսկալացիան է, այլ նաև այն, որ մյուս երկրները կդիտեն իշխանության ներկայիս վակուումը որպես հին հաշիվներն ուժով լուծելու հնարավորություն»,- ասվում է թերթի խմբագրականում:
Ըստ թերթի, եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությամբ, իսկ ԵՄ միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ հանդիպելուց նրա հրաժարումը սրել է այդ մտահոգությունները։
«Այս դրվագը լուրջ հարված է Հարավային Կովկասում արևմտյան ազդեցությանը։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն մեծ ջանքեր են ներդրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար»,- գրում է Financial Times-ը և հիշեցնում Եվրամիության և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրումը գազի մատակարարման վերաբերյալ՝ որպես ռուսական էներգակիրների այլընտրանք:
Ըստ հեղինակների, ադրբեջանական հարձակումը նույնպես դժվար կլիներ իրականացնել առանց Մոսկվայի համաձայնության՝ ավանդական «տարածաշրջանային տիրակալի», որի խաղաղապահները «մի կողմ էին կանգնել ադրբեջանական զորքերի ներխուժման ժամանակ»:
«Կովկասում անկայունությունը մտահոգիչ նշան է այն բանի, թե ինչպես է միջազգային կարգը փլուզվում, որտեղ մեծ տերությունները հակասում են, և տարածաշրջանային խաղացողներն օգտվում են դրանից»,- եզրափակել է թերթը:
Ավելի վաղ թերթը հայտարարել էր, որ Հայաստանի հարավ ադրբեջանական ներխուժման մտավախությունները խոր արմատներ ունեն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Արցախի դեմ։ Այն ավարտվել էր սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Ղարաբաղյան կողմից հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, ևս 400-ը վիրավորվել է։
Հոկտեմբերի 7-ին Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին ասել էր, որ ութ անկլավներ «դեռևս գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ» և ընդգծել դրանց «ապաօկուպացիայի» կարևորությունը։ Հոկտեմբերի 9-ին ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր Բաքվի կողմից «մի քանի շաբաթվա ընթացքում» նոր ռազմական ագրեսիայի սպառնալիքի մասին։ Հոկտեմբերի 14-ին Politico-ն զեկուցել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախազգուշացման մասին օրենսդիրներին՝ առաջիկա շաբաթների ընթացքում ադրբեջանական հնարավոր ներխուժման մասին Հարավային Հայաստան: