2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, այդ հայտարարությունները հրապարակային են, այդ հայտարարություններն այսօր էլ կան սոցիալական ցանցերում, եթե չեմ սխալվում վիդեո տարբերակով, ես այդ հայտարարությունների մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն այդպիսի հայտարարություն է պատրաստվում անել, իմացել եմ մամուլից, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Եվ այդ հայտարարությունն, իմ ընկալմամբ, հակասել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Հաջորդը, 2021 թվականին տեղի են ունեցել Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, մենք բնականաբար այդ հարցով դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Ռուսաստանի Դաշնությանը, ընդ որում, և ՀԱՊԿ-ի հետ առանձին, և Ռուսաստանի հետ ունենք այլ իրավապայմանագրային բազա: Տեղի է ունեցել զրո արձագանք»,- նշել է նա:
Վարչապետն ուշադրություն է հրավիրել նաև Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։
«Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը եթե չեմ սխալվում ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին։ Դրանից հետո, կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ուղղակի ժամանակագրությունն եմ ասում` ոչ մի բան նկատի չունենալով։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունն ասենք այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք չէ՞ դրա քաղաքական հետևանքները»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ դրանից հետո 2022թ. հոկտեմբերի 6-ին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ-ն արձանագրել է Ադրբեջանի հետ խաղաղության գնալու պատրաստակամությունը։
«Եվ արձանագրում ենք այն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչ արձանագրել է Ռուսաստանն իր և Ադրբեջանի միջև, այսինքն՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների վերահաստատում է տեղի ունեցել: Եվ դա միակ միջոցն էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերահաստատելու»,- հավելել է նա:
Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակի այն հայտարարությանը, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծ մասամբ հենց Հայաստանի պատճառով չեն կատարվել։
«Ես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: Այսինքն՝ դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, թող մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն, ով ի՞նչ պարտավորություն չի կատարել: Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն: Ուզում եմ նորից ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղ գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա: Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը»,- մեկնաբանել է նա:
Անդրադառնալով ՌԴ այն մեղադրանքներին, որ ՀՀ-ն խուսանավում է, երբ հասնում է ապաշրջափակման կոնկրետ ստորագրելու փուլին՝ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել առնվազն 3 փաստաթուղթ։
«Չկա այդպիսի բան, առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝ հենց հիմա ստորագրում ենք, և այդ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ-որ մենք այսօր, ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նաև, իհարկե որպես նախագիծ շատ լավ է, շատ պոզիտիվ է, բայց մենք ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակային դարձրեցինք, որովհետև մեզ վերագրվում էր պարտավորություններ, դիրքորոշումներ: «Խաղաղության խաչմերուկը» առաջին օրից ենք բանակցել, սա է եղել մեր դիրքորոշումը: Հիմա այդ «Խաղաղության խաչմերուկը» հրապարակեցինք կամ այդ համախումբը, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե մենք ինչ ենք ուզում և ինչ չենք ուզում, որովհետև այդ թվում՝ Ադրբեջանը և նորից ուժեր փորձում էին ամբողջ աշխարհին համոզել, թե Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Մենք հրապարակային ասացինք՝ մենք սրան պատրաստ ենք, հենց այսօր»,- ասել է նա:
Փաշինյանը մեկնաբանել է նաև ռուսական հարթակներում բանակցությունների չգնալը։
«Մենք այնպես չէ, որ չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, բայց ես քիչ առաջ ասացի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պիտի ընթերցվի, պիտի ընթերցվի՞, թե՞ չպիտի ընթերցվի: Այնպես չէ, որ բանակցությունների չենք գնում: Տեսեք, մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ սա եռակողմ հայտարարություն է, ըստ էության, այսօր գետնի վրա եռակողմ հայտարարությանը համապատասխանող ոչ մի բան գոյություն չունի»,- եզրափակել է ՀՀ վարչապետը: