Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, արտաքին գերատեսչությունների պատասխանատուների մակարդակով հանդիպումների որևէ պայմանավորվածություն չկա, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին:
Նրա խոսքով՝ Երևանի համար սկզբունքային չէ միջնորդների միջոցով կամ ուղիղ շփումը, հայկակակ կողմը կարևորում է բանակցությունների բովանդակությունը և սկզբունքները:
«Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները: Սահմանին հանդիպման առաջարկ չեմ հիշում, լսել եմ այդպիսի գաղափարի մասին: Երբ առաջարկ ստանանք, կքննարկենք»,- ընդգծել է նա:
Խոսելով վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև ուղիղ կապի մասին՝ նախարարը հաստատել է, որ այդպիսի կապուղի կա, որ ոչ միայն երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի, այլև Արտաքին գործերի նախարարությունների, մի շարք գերատեսչությունների միջև:
Նա հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ խմբագրական առաջարկների փոխանակումը կամ պայմանագրի շուրջ բովանդակային քննարկումներն ընթանում են Արտաքին գործերի նախարարությունների միջոցով, իսկ մյուս կապուղիներով տեղի են ունենում ոչ պաշտոնական շփումներ:
Միրզոյանը հայտարարել է, չնայած 32 հայ գերիների վերադարձին, այժմ բանակցությունների գործընթացում հետընթաց է նկատվում:
«Ցավոք, այս դրական միտումը չշարունակվեց, ճիշտ հակառակը՝ և՛ խաղաղության պայմանագրի տեքստի համատեքստում, և՛ բարձր մակարդակում հանդիպումների վերականգնման համատեքստում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումներում հետընթաց է եղել, ընդ որում՝ հետընթաց արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- շեշտել է նա:
Միրզոյանը մանրամասնել է, որ մի քանի շոշափելի ուղղությամբ է այդ հետընթացը գրանցվել, առաջինը սահմանազատման հարցն է, որտեղ Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ նոր սահմաններ գծվեն, իսկ եթե ոչ՝ պետք է որպես հիմք օգտագործվեն նախախորհրդային ինչ-որ քարտեզներ:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի այն պնդումը, որ ադրբեջանական ուժերը դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից: «Տեսնում ենք, որ այդ դրական միտումը չշարունակվեց, այնուամենայնիվ, ՀՀ-ն հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և նշված սկզբունքներին, որոնցից մեծ մասով արդեն եղել են համաձայնություններ, և հույս ունենք, որ Ադրբեջանը շուտով կվերադառնա կառուցողական դաշտ և մեզ կհաջողվի ավարտին հասցնել վաղուց սկսված խաղաղության գործընթացը»,- եզրափակել է նախարարը:
Ալիևը հունվարի 10-ին հայտարարել էր, որ Բաքուն համաձայն չէ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման և 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին գրավված դիրքերից զորքերի դուրսբերման առաջարկի հետ։ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին:
Մանրամասները՝ տեսանյութում: