«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, խմբակցությունը, կառավարությունը մինչ այս պահը չունեն որևէ որոշում հիմնը և զինանշանը փոխելու մասին, հայտարարել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը, ես չեմ ուզում փոխել»,- նշել է նա:
Ռուբինյանի խոսքով՝ նոր Սահամանդրության նախագիծ չկա, այն ոչ ոք չի տեսել: Ըստ նրա՝ նոր Սահմանադրություն ընդունելը ՀՀ սուվերեն իրավունքն է, և միայն ժողովուրդը կարող է որոշել, թե ինչպիսին կլինի այն:
2023 թվականի նոյեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հարցը քննարկելու անհրաժեշտության մասին՝ միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է հաշվի նստել մեր խորհրդանիշների պատմության և ավանդույթի հետ։ 2024 թվականի հունվարի 30-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել էր Հայաստանի օրհներգն ու զինանշանը փոխելու անհրաժեշտությունը։
Հունվարի 19-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ պահպանելով կառավարման ներկայիս խորհրդարանական ձևը։ Հաջորդ օրն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ Փաշինյանի այս հայտարարությունն անվանել էին «հերթական ուղերձ Ադրբեջանին և Թուրքիային»։ Ըստ պատգամավորների՝ «այս քայլով Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա՝ հող նախապատրաստելով թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար»։
Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ««չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր սահմանադրության ընդունում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով։