Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում «կադրային սով է», կառավարության փետրվարի 8-ի նիստում հայտնել է գերատեսչության նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը:
Նրա խոսքով՝ 2021-2023 թվականներին հայտարարել են քաղաքացիական ծառայության 55 մրցույթ, որից 21-ն ընդհանրապես չի կայացել՝ դիմորդների բացակայության կամ անհամապատասխանության պատճառով: Մյուս 34 մրցույթներին մասնակցել է 21 հոգի, որոնցից 12-ը լրացրել է հանձնաժողովի թափուր պաշտոնները: Ըստ Խաչիկյանի՝ այդ ժամանակահատվածում 9 մարդ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
«Անհնարին է լինում համալրել կոմիտեի թափուր հաստիքները: Կոմիտեի համար խնդիր է հանդիսանում նաև սերնդափոխությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ մասնագետ վերապատրաստելու համար անհրաժեշտ է 3-5 տարի:
Առաջարկված նախագծի համաձայն՝ միջուկային և ճառագայթային վարչությունների տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կդառնան քաղաքացիական աշխատանք կատարողներ։ Դա, նախագահի տեղակալի խոսքով, հնարավորություն կտա ներդնել ատեստավորման համակարգ, որը հնարավոր կտա ատեստավորում անցած աշխատակիցներին վճարել կրկնակի և կհեշտացնի անձնակազմի համալրումն ու վերապատրաստումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այս որոշման կարևորությունը՝ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ենթատեքստում:
«Այստեղ էլ վաղը, մյուս օրը բախվելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, բայց մենք չենք կարողանում իրագործել դա, որովհետև չունենք մասնագետներ։ Արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, բայց, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք»,- ասել է վարչապետը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման արժեքը կկազմի մի քանի միլիարդ դոլար, նախագիծը կարող է իրականացվել 8-10 տարվա ընթացքում։
2022 թվականի հունիսի 28-ին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել էին համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ատոմային և ոչ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության խորացման համար, մասնավորապես, ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման շուրջ։