Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Երևանի և Անկարայի հարաբերություններում դրական դինամիկայի մասին և նշել, որ դա պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «մշտական կապով»։ Այս մասին նա հայտնել է թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում։
«Կապն անընդհատ կա, և դա դրական դինամիկա է ապահովում»,- ասել է Միրզոյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցները։ Նախարարի խոսքով՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը դեռ հարցականի տակ է, թեև պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։
«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն։ Մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, մարդկանց ու մշակույթների միջև շփումներն ընդլայնվեն»,- հավելել է նա։
Փաշինյանը և Էրդողանը քննարկել էին տարածաշրջանային խնդիրները 2023 թվականի սեպտեմբերի 11-ին և ընդգծել, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելը կնպաստի բոլոր երկրների զարգացմանը։ Հայաստանի վարչապետը Էրդողանի հետ զրույցն անվանել էր «բովանդակային և օգտակար»։