Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ ո՛չ միջազգային հարթակներում ո՛չ էլ, առավել ևս, Հայաստանի ներսում, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի իր ուղերձում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։
«Մենք այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը, և Հայաստանի Հանրապետության կառավարիչներից պահանջում պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը»,- հայտարարել է ՀՀ երրորդ նախագահը։
Նա ընդգծել է, որ պարտադրված նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն չի´ կարող լինել։
«Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե խաղաղության ճանապարհ է: Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը: Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար»,- շեշտել է նա։
Սարգսյանը նշել է, որ Թուրքիան, չնայած ակնհայտ բազմաթիվ փաստերին, ականատեսների վկայություններին, մինչ այժմ ժխտում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ ծանրագույն հանցագործությունը, սատարում նոր հանցագործություններին։
«Ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի և նրան անթաքույց, ամեն կերպ սատարող Թուրքիայի ջանքերով հազարամյակների իր բնօրրանից բռնի տեղահանվեց 140 հազարից ավելի հայ, նրանցից ոմանք ճանապարհին անմարդկային պայմաններում մահացան՝ քաղցած, հիվանդ, ուժասպառ ու հուսահատ: Բռնագաղթից առաջ արցախահայությունը շուրջ մեկ տարի պատերազմի ամենօրյա սպառնալիքի պայմաններում դիմակայեց համատարած շրջափակման, հումանիտար ճգնաժամի դաժան պայմաններին:
Օսմանյան կայսրության օրինակով՝ Ադրբեջանն այսօր Արցախում անպատիժ ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը: Այլատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը և Թուրքիան, որ իրենց կոչում են մեկ ազգ՝ երկու պետություն, այժմ էլ խաղաղասիրական կեղծ թեզերով փորձում են բթացնել միջազգային հանրության զգոնությունը և ավարտին հասցնել անցյալ դարասկզբին սկսած հանցագործությունը՝ հանուն պանթյուրքիզմի իրենց վաղեմի ծրագրի»,- հավելել է Սարգսյանը։
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վաղ առավոտից մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկից առաջ մասնակիցները, ավանդույթի համաձայն, այրել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։