Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, այդ մասին «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը տեղեկացել է Ոսկեպարի բնակիչներից։
«Ադրբեջանցիներին նկատել են Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքում՝ ապրիլի 23-ին։ Տեղեկանալով այդ մասին՝ մենք դադարեցրել էինք մեր ակցիան Դիլիջանում և անմիջապես շարժվել դեպի Ոսկեպար։ Գյուղացիները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցիները եկեղեցուց այն կողմ ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել, այդ թվում՝ ծառեր են կտրել»,- լրագրողներին պատմել է պատգամավորը։
Սահմանի այդ հատվածում տեղակայված Ադրբեջանի սահմանապահ զորքերն, ըստ Դանիելյանի, իրականում բանակային ստորաբաժանումներ են։
«Այսինքն՝ իրենց բանակի զինծառայողները սահմանապահի համազգեստ են հագել։ Սահմանապահների անվան տակ ադրբեջանցիներն առաջ են գալիս ու դիրքավորվում իրենց համար հարմար տեղերում։ Վտանգն այն է, որ ցանկացած պահի, այսպես կոչված, սահմանապահ ադրբեջանցիները, շատ ավելի լավ դիրքերից կարող են հարձակում գործել»,- ասել է Դանիելյանը:
Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ Բերքաբեր գյուղի հատվածում հայկական կողմն ակտիվ աշխատանքներ է իրականացնում սահմանազատման ուղղությամբ, որի մաս է կազմում տարածքների ականազերծումը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 26-ի դրությամբ 28 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։