Հայաստանի իշխաննությունները Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կասեցնելու տարբերակներ են քննարկում, ՔՊ-ի անդամները, որպես հանգուցալուծում, 3 սցենար են պատկերացնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ 2 տարբերակի մասով իշխանության ներկայացուցիչները «սուրհանդակներ են ուղարկել» Էջմիածին:
«Լավագույն դեպքում, ըստ ՔՊ-ի, մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասնի Երևան, դաշտ կգան հանրության համար տհաճ ու օդիոզ քաղաքական անձինք, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնց դեմքերը ֆիքսելով՝ հնարավոր կլինի վարկաբեկել մինչ օրս թափ հավաքող շարժումը և տանել մարման: Երկրորդը՝ պատրաստվում են որոշակի ճնշումներ գործադրել»,- գրել է թերթը։
Թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ այս օրերին իշխանականները տարբեր խողովակներով Էջմիածին բանագնացներ են գործուղել, որպեսզի Սրբազանին այնտեղից հորդորեն շարժման օրակարգ չբերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
«Վերջնագիր են ներկայացրել՝ ասելով, որ դժգոհությունը պետք է ձևակերպել բացառապես սահմանազատման գործընթացի մասով՝ առանց Փաշինյանի հրաժարականի պահանջի: Հակառակ դեպքում՝ ասվել է, որ մեծ հարձակում կլինի եկեղեցու և եկեղեցականների վրա: Ավելին՝ որոշ թեմերի առաջնորդներ փորձել են հետ պահել Սրբազանին և մյուս լիդերներին դեպի Երևան երթ կազմակերպելու մտքից։ Բանագնացները նաև ակնարկել են, որ Վրաստանի ջարդերին պետք է հետևել, պատրաստ լինել բախումների պատասխանատվությունը կրելուն, քանի որ ուժ կկիրառվի»,- գրել է թերթը։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ի կեսօրին: Տավուշում ապրիլի 19-ի երեկոյան սկսվել էին մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները։ Տավուշից սահմանի սահմանազատում սկսելու և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման դեմ նրանք փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի և փակել դեպի գյուղ տանող ճանապարհը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: