Բոլոր նրանք, ովքեր վերջին 4 տարում ժողովրդին հրապարակային հայտարարել են «ժեխ», «թուրք», «գենետիկորեն թերի», այսօր հավաքվել են իրար գլխի, և գալիս են փրկելու նրանց, ում իրենք համարում են «ժեխ», «թուրք» և «գենետիկորեն թերի», ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Սա նման է նրան, որ մարդուն անիծես, բայց համոզես, որ աղոթում ես նրա փրկության համար: Թե ինչ տեսք կունենաժողովրդի ու պետության համար այդ փրկությունը, կարելի է կռահել մարդկանց հասցեին ուղղված փրկիչների բառամթերքից: Իհարկե, նման փրկություն մարդկանց չի սպառնում: Հետո, էլի կհնչեն նոր անեծքներ ժողովրդի հասցեին, թե ինչու մարդիկ քաշեցին ու չփրկվեցին»,- գրել է նա։
Կոնջորյանը նշել է, որ սրա պատճառը սիրո բացակայությունն է սեփական ժողովրդի նկատմամբ։
«Որովհետև սերը չես լցոնի, ավտոբուսներով չես բերի հրապարակ, չես հաղթի պոկեռի ժամանակ: Սերը կա կամ չկա: Եվ դա մարդիկ զգում են: Երբ դուք սովորեք սիրել ժողովրդին, այդժամ փրկությունն ինքն իրեն կգա: Եվ առաջինը կգա հենց ձեզ համար, որովհետև փրկվելու կարիք նախ դուք ունեք: Ձեզ չեն սիրել, դրա համար դուք չեք սիրում»,- եզրափակել է պատգամավորը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։