«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 6-րդ օրը շարունակել է բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել Տավուշում «ապօրինի սահմանազատման գործընթացը»։ Նրանք վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճան» և վուվուզելներ փչում։
Ակցիայից ոստիկանություն բերման ենթարկված 9 անձինք երեք ժամ անց բաց են թողնվել, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ ԶԼՄ և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Գաբրիելյանի խոսքով՝ նրանցից մեկը խուլիգանություն կատարելու կասկածանքով է բերման ենթարկվել, սակայն անձի ինքնությունը չբացահայտեց։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը կառավարության շենքի տարածքում ոստիկանական ուժերի կուտակումներն անվանել է «իշխանությունների վախեր»։
«Ոստիկանական ուժերը հավաքվել են և չեն թողնում մարդկանց ազատ տեղաշարժվել։ Ամբողջ կենտրոնը պարալիզացված է։ Իշխանության պարագլուխը վախերի մեջ է։ Ամեն քայլափոխի իր հետ տանում է հազարավոր ոստիկանների և ուժային համակարգի ներկայացուցիչների»,- ասել է նա ակցիայի ժամանակ։
Նշենք, որ բողոքի ակցիան ընթանում էր կառավարության նիստին զուգահեռ։ Մեծաքանակ ոստիկանական ուժեր մի քանի պատ կազմած պահպանում էին կառավարության շենքը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ այս գործընթացում Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։