Բագրատ Սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ զգուշավոր է և, հիմնականում, լսողի դերում, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը նաև նշել է, որ նա ուշադրությամբ լսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները, առաջարկներն ու դիտարկումները, սակայն չի բացահայտում սեփական ծրագիրը։ Նա, ըստ թերթի աղբյուրների, միայն իմպիչմենտի գործընթացի և իր թեկնածության հետ կապված աջակցություն է խնդրում:
Ըստ լրատվականի՝ նա չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում նույնիսկ այն ժամանակ, երբ ոմանք զգուշորեն հետաքրքրվում են, թե ի՞նչ հույսեր կան խորհրդարանում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հետ կապված կամ արդյոք նա բանակցո՞ւմ է ՔՊ-ականների հետ:
Թերթը նշել է, որ երեկ՝ մայիսի 16-ին, պատգամավոր Գեղամ Նազարյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ընդդիմադիր շրջանակներում կասկածներ են առաջացել, թե կհաջողվի իմպիչմենտի նախագծի համար պահանջվող 36 ձայնն ստանալ։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։