Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի ու օրակարգն ասի՝ կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չեմ տեսնում, լրագրողներին ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նա նշեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրակարգն իրեն պարզ չէ։ «Ես գիտեի Կիրանցի, Ոսկեպարի՝ Տավուշի անվտանգությունն է»,- ասաց Թունյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ շարժման օրակարգում նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, նրան անվստահություն հայտնելու հարցն է։
Թունյանը հայտնեց, որ չի ճանաչում որևէ ՔՊ ներկայացուցչի, որը շփում է ունեցել Սրբազանի հետ։ «Եթե Բագրատ Սրբազանն ասում է, ապա պետք է նրան էլ հարցնել, թե ում հետ է շփվել։ Ես չեմ ճանաչում այդպիսի մարդու»,- շեշտեց նա։
Թունյանը նշեց, որ բացառել է եկեղեցու մասնակցությամբ իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը, բայց այժմ իրադրությունը փոխվել է։
«Ես բացառում էի, որ երբևէ կունենանք մի իրավիճակ, երբ եկեղեցին փաստացի իշխանափոխության օրակարգով շարժում կնախաձեռնի, այսինքն՝ կյանքն այնպես է փոխվում, որ այն ամենը, ինչն ի սկզբանե կարելի էր բացառել, այլևս հնարավոր չէ բացառել»,- ասաց պատգամավորը։
Ավելի ուշ ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին առաջարկեց կազմել անվանացուցակ, թե ՔՊ-ից ում հետ է ցանկանում հանդիպել։ «Եթե իմ անունը կլինի այս ցուցակում, կքննարկենք»,- հավելեց նա։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։