Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի խաղաղության համար, Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ողջունում ենք այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա սկսվել է պետական սահմանի սահմանազատման գործընթացը, ինչը հիմք է տալիս երկու պետությունների միջև վերջնականապես խաղաղ պայմանագրի ձևակերպման համար»,- ասել է Կոբախիձեն։
Նա ընդգծել է Վրաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին և պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատման գործընթացին։
Էրդողանն, իր հերթին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն է ողջ տարածաշրջանի համար»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։