Գիտության ավելի քան 150 ներկայացուցիչ աջակցել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի մոտ գիտնականների, դասախոսների հետ Գալստանյանի հանդիպման ժամանակ հայտարարել է պատմագիտութան դոցենտ Միքայել Մալխասյանը։
«Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ նախաձեռնեցին մի հայտարարության տեքստ, որը բաց էր հանրապետության կրթական ու գիտական հաստատությունների ներկայացուցիչների միանալուն։ Այս պահին 150-ից ավելի մասնագետ է միացել այդ հայտարարությանը։ Իմաստն այն էր, որ անհնար է պարզապես շարունակել այն ընթացքը, որ կա, օրինակ՝ այսպես կոչված սահմանազատման գործընթացը գնահատվում էր որպես ապօրինի և հստակ ձևակերպումներ են տրվում, հիմնավորվում»,- ընդգծել է նա։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 13-ին Գալստանյանը խոսել էր մամուլում տարածված ահազանգերի մասին, ըստ որի՝ Երևանի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ժողով էր հրավիրել դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները և նկատողություն հայտարարել։ Մայիսի 14-ին պրոռեկտորը հերքել էր շարժման ակցիաներին մասնակցելու համար ուսանողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին լուրերը: Մայիսի 15-ին Երևանի պետական համալսարանի մոտ 60 դասախոս աջակցություն էր հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։