Ոչ միայն ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այլև կառավարության ղեկավարն է այցելել Կիրանց, ՀՀ քաղաքական ուժերի հետ հանդիպումից առաջ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ տեղեկությունը հստակ չէ։
«Փորձում եմ ճշտել այդ տեղեկությունը, անկեղծ ասած՝ չեմ կարող հաստատել, որ դա ճիշտ է, պատասխանատվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա։ Փորձում են գումարային փոխհատուցմամբ համոզել մարդկանց։ Սրանք ներքին տեղեկություններ են, ես չեմ կարող ասել, որ դրանք ամբողջական ճշմարտություն են»,- ասել է Գալստանյանը։
Խոսելով քաղաքական ուժերի հետ հանդիպման մասին՝ Սրբազանը հայտնել է, որ հիմնական նպատակը ծանոթանալն է, նրանց իրավիճակը ներկայացնելը և որ մասնակից լինեն այս գործընթացներին։
Հարցին, թե իշխանությանը հրավեր ուղարկե՞լ են, Բագրատ Գալստանյանը պատասխանել է, որ կազմակերպչական հարցերով չի զբաղվում և հավելել է, որ դռները բոլորի առջև բաց են։ Նա չի բացառել, որ հանդիպման ժամանակ հնարավոր է վարչապետի թեկնածուի հարցը ևս քննարկվի։
«Մեր նպատակն արդյունքին հասնելն է։ Զգացմունքի դաշտից պետք է տեղափոխվենք բանականության դաշտ»,- հավելել է Գալստանյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։