Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կայացած հանդիպմանը խոսել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջիկա ծրագրերի մասին։
Նա հայտնել է, որ վաղն առավոտյան մեկնելու է Տավուշի մարզի Կիրանց գյուղ։ Գալստանյանի խոսքով՝ ինքը նախատեսում է հանդիպել գյուղի բնակիչների հետ` նրանց քաջալերելու և նրանցից քաջալերանք ստանալու նպատակով։
Նա դիմել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և նրա ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությանը՝ առաջարկելով հանդիպել։ Նրա խոսքով` քաղաքական ուժերի հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով շարժման ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել Մարությանի հետ, սակայն պատասխան չեն ստացել։
Գալստանյանը մայիսի 18-ին հայտնել էր, որ մայիսի 21-ին նախատեսում է հանդիպել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, նախատեսվում են հանդիպումներ տնտեսագետների, ուսուցիչների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։