«Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ Մարությանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ այն սիրով ընդունել է։
Գալստանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ շարժման ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել Մարությանի հետ և հրավիրել արքեպիսկոպոսի՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը, սակայն պատասխան չեն ստացել։
«Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեև խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։ Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքն ամենաբազմամարդն էր 2018-ի ժողովրդական շարժումից հետո և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը»,- նշել է Մարությանը։
Նա ընդգծել է, որ իշխանությունները երկիրը ղեկավարելու համար չունեն բավարար գիտելիքներ և կոմպետենտություն։
«2021-ի ընտրության ժամանակ ՔՊ-ին տված քվեն այլևս առ ոչինչ է։ Գործող իշխանությունը չունի բավարար կոմպետենտություն, գիտելիքներ և կարողություններ՝ այս կարևորագույն հանգրվանում Հայաստանն առաջնորդելու համար։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան»,- գրել է քաղաքական գործիչը։
Հայաստանում նոր իշխանությունը, նրա կարծիքով, պետք է ձևավորվի բացառապես ժողովրդի կողմից՝ «ազատ, հավասար, համընդհանուր արտահերթ ընտրությունների արդյունքում»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։