Բագրատ Սրբազանը և քաղաքականությունն ու իրավունքն իրարից հազարամյակներով և կիլոմետրերով հեռու են, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա կասկած հայտնեց, թե Բագրատ Սրբազանը սահմանազատումից հրաժարվելու դեպքում հնարավոր պատերազմի ժամանակ լուծում ունի և այդ դեպքում կարող է կրկնել, որ ՀՀ սահմանն այնտեղ է, որտեղ հայ զինվորն է կանգնած։
«Լավ, իսկ դա արդյոք նշանակո՞ւմ է, որ եթե վաղն Ադրբեջանի և Հայաստանի զորքերի միջև ընդհարում լինի, որը շատ հնարավոր է, ադրբեջանական զորքը գա Աննա եկեղեցու դռան դիմաց կանգնի, Բագրատ Սրբազանը դա ասելու է»,- նշեց նա։
Ըստ Սիմոնյանի՝ սահմանը վերարտադրելու ընդդիմության հայտարարությունները հակահայկական պնդումներ են, որովհետև դա նշանակում է հայտարարել, որ Հայաստանը սահման չունի:
«Ինչո՞ւ ենք մենք ընդհանրապես որևէ տարեթվի քարտեզ ընտրում, որովհետև դրանց տակ կան իրավական հիմքեր։ Հիմքեր, որոնք նաև Ադրբեջանի կողմից են հաստատված, ոչ միայն Հայաստանի կամ հակառակը։ ՀՀ սահմանն այն սահմանն է, որով Հայաստանն անկախացել է»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան, որ այն, ինչ պատկանում է ՀՀ-ին, վերադառնա Հայաստանին, իսկ այն, ինչ պատկանում է Ադրբեջանին, հավասարության սկզբունքով վերադառնա նրանց»,- ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը չբացառեց, որ սահմանազատման գործընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվելու է 1976 թվականի քարտեզներով, քանի որ իրավական տեսանկյունից սա «ամենահարմար» տարբերակն է։
«Ես դա չեմ բացառում, որովհետև իրավական առումով ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմարը: Կարելի է վիճել մեկ-երկու տարբերակի միջև, բայց երբ Սովետական Միությունն այդ սահմանները գծել է, իրենք, հիմնականում, միգուցե տեղում հատուկ նպատակ ունենալով՝ հստակ գծել են Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանը, որովհետև դրանք եղել են Սովետական Միության արտաքին քարտեզները: Բայց մնացած քարտեզներն իրենք հնարավորինս խառնել են, ասել են՝ մեր վարչական տարածքն է: Եվ խնդիրը քարտեզների մեջ եղել է միշտ հստակ փաստաթուղթ գտնելը, որտեղ երկուստեք բան կա: Հիմա գտել ենք, ունենք»,- ասաց Սիմոնյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։