Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը, անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցուն հարկելու անհրաժեշտության մասին հայտարարությանը։ Սրբազանը հիշեցրել է, որ եկեղեցին բոլոր հարկերը վճարում է, բացի ծիսական արարողության հետ կապված հարկերից։ Նա նաև հիշեցրել է, որ եկեղեցին կամավոր է հրաժարվել ԽՍՀՄ փլուզումից հետո իրեն հասանելիք պետական հատուցումից՝ կապված հալածանքների ու զրկանքների հետ։
«Եկեղեցին բոլոր հարկերը վճարում է, բացի ծիսական արարողակարգերի հետ կապված հարկերից, որոնք սահմանված են օրենքով։ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ եկեղեցի-կառավարություն հարաբերությունների կարգավորման խնդիրներ առաջացան, եկեղեցին Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Խորհրդային միության ժամանակ կրած բոլոր ռեպրեսիաների դիմաց իրավունք ուներ պետությունից ստանալու այն բոլոր կորուստները, որոնք կրել է՝ գույքի, նյութական այլ արժեքների, իրավունքների տեսքով»,- նշել է նա։
Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ հետխորհրդային բոլոր երկրներում մինչև այսօր պետությունը եկեղեցուն խոշոր գումարներ է վճարում՝ ի հատուցում Խորհրդային միության ժամանակ կրած զրկանքների։
«Միայն հայ եկեղեցին է, որ իր իսկ ցանկությամբ մեկ լումա չի ստացել, որպեսզի պետությանը որևէ կերպ վնաս չհասցնի՝ հանձն առնելով բոլոր իր առաքելությունները, գործունեությունը հոգալ սեփական ջանքերով՝ առանց պետության վրա բեռ լինելու»,- ասել է նա։
Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ պետք է հատուցման և խորհրդային տարիներին ավերված եկեղեցիների վերականգնման պահանջ դրվի։
«19-րդ դարի եկեղեցիներ ունենք, որոնք այս կամ այն ճամփով բռնագրավված են, ավերակների են վերածված և հայ եկեղեցու գույքը, հոգևոր-մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն այն տեսքով, ինչ տեսքով բռնագրավվել են»,- ընդգծել է նա։
Շարժման առաջնորդը պատմել է նաև հետագա քայլերի մասին և հայտնել է, որ վաղը՝ մայիսի 22-ին, հանդիպելու է տնտեսագետների և կրթության ոլորտի մասնագետների հետ։ Նա հայտարարել է, որ մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ կամփոփի շարժման 3-րդ փուլը։
Գալստանյանի խոսքով՝ կարևոր, պատմական օր է, քանի որ հենց այդ օրն է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը (451 թ)։ «Խորհրդանշական է, մեր ինքնության տոնն է այդ օրը»,- նշել է նա:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին հայտարարել էր, որ եկեղեցին պետք է հարկվի։ «Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք․ այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»,- ասել էր Սիմոնյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։