ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետևում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բոլոր քայլերին, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նա ժամերով նստում է համակարգչի առաջ կամ հեռախոսով հետևում է ուղիղ եթերներին, Գալստանյանի հանդիպումներին ու հայտարարություններին, ինչպես նաև մամուլին տված մեկնաբանություններին:
«Նկատելի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները և արբանյակ ուժերը նույն գծի մեջ` նույն թեզերով կրկնում են բառացիորեն նույնը, ինչը վկայում է այն մասին, որ «սրբազան շարժման» դեմ հակաքարոզչությունը կառավարվում է մեկ կետից»,- ասված է թերթում։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա հանձնարարականներ է «իջեցնում, թե կոնկրետ որ դրվագին ինչպես պատասխանեն, ֆեյքերն ինչ գրեն Ֆեյսբուքում, ինչպես հակադարձեն Սրբազանին, որ շարժումը թափ չհավաքի»:
«ՔՊ պատգամավորներին հրահանգվել է զուսպ լինել լրագրողների հետ շփումներում, ինչն ակնհայտ է դարձել վերջին օրերին․ ամենացինիկ ՔՊ-ականները փորձում են բարեկամաբար շփվել լրագրողների հետ, հանկարծ մեղմ ու բարեհամբույր են դարձել»,- նշել է թերթը։
Ըստ թերթի աղբյուրի՝ թեև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անցած շաբաթ համեմատաբար պասիվ գործողություններ էր իրականացնում՝ փողոցային պայքարի փոխարեն հետնաբեմային հանդիպումներ անցկացնում հանրության տարբեր շերտերի հետ, սակայն իշխանությունները 24/7 ռեժիմով, խոշորացույցով հետևում և արձագանքում են շարժմանը, նրա առաջնորդի ցանկացած գործողությանը: Բայց իշխանությունը ձևացնում է, թե շարժումը մարել է, իրենք մի գրամ մտահոգություն չունեն, գրել է լրատվականը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։