Մենք 1976 թվականի այս քարտեզների 19 էջով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով այն քարտեզները, որոնց հիման վրա Երևանն ու Բաքուն սահմանազատում են իրականացրել Տավուշի մարզում։
Նա սահմանազատումը որակեց որպես «դե յուրե գոյություն ունեցած սահմանների վերարտադրություն՝ դե յուրե իրավական ուժ ունեցող քարտեզների հիման վրա»։
«Մենք ասում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29 743 քառակուսի կմ է, և սա իրական Հայաստանի հայեցակարգն է։ Այն մարդիկ, ովքեր չեն տալիս այս հարցի պատասխանը, նրանք պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ իշխանությունների և ընդդիմության միջև սահմանազատման հարցի շուրջ կոնցեպտուալ խնդիր է առաջացել։
«Եթե որևէ մեկն ասում է, որ այդքան չէ, ապա նրանց թվում է, որ ճանապարհ են բացում, որ մեր տարածքը, ասենք՝ 300 000 քառակուսի կմ է, բայց նրանք չեն ըմբռնում, կամ եթե ըմբռնում են, ավելի վատ, որ նույն ձևով ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ ասեն՝ գիտեք ինչ, ՀՀ ինքնիշխան տարածքը 23 քառակուսի կմ է, հազար չէ, հենց 23։
Եվ այն, ինչ հիմա ուզում են անել, այստեղ բանավեճը զուտ քառակուսի կիլոմետրերի մասին չէ։ Այստեղ հարցն այն մասին է, թե ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի։ Երբ դու պետություն ես առանց կոնկրետ տարածքի, դու չես կարող նույնականացնել քո պետության տարածքը, ապա դու հայտնվում ես չպետության դաշտում»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ մարդիկ կան, որոնք գալիս են, ասում՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, այդ «չակնկալիքների շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն»։
Ըստ վարչապետի՝ սա է կոնցեպտուալ բանավեճը, և ընտրությունը շատ պարզ է․ այսօր մեր ընտրությունը իրական և պատմական Հայաստանի մասին է՝ այն տարբերությամբ, որ սահմանազատումն իրական Հայաստանն ապագան է։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։
Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։