ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ գիտի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները՝ բայց ոչ մեր կողմից։ Ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որոնք մեր դեմ պատերազմի նախապատրաստմանն են մասնակցել։ Հնարավոր է՝ այդ երկրները մեզ օգնելու իմիտացիա են ստեղծել կամ իբր մեզ օգնել են, բայց ես ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել։ Այդ պատերազմի նպատակը ՀՀ անկախ պետության չգոյությունն է եղել»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, այդուհանդերձ, «այդ նպատակին չեն հասել թե՛ 2020-ին, թե՛ անգամ 2020-ից հետո»` նախաձեռնելով հակակառավարական միջոցառումներ:
«2020-ից հետո փորձել են 2021-ի մայիսին, երբ լուծարված էր կառավարությունը, ԱԺ-ն հրաժարական էր տվել, բայց էլի չի ստացվեց։ Հետո փորձել են 2022-ի սեպտեմբերին ու էլի չի ստացվել։ Հետո փորձել են 2023-ի սեպտեմբերին․ այդ ժամանակ սոցցանցերում մարդկանց կոչ էին անում ընտրված կառավարության դեմ գնալ, բայց էլի չի ստացվել։ Մի հատ էլ 2024-ի մայիսի 9-ին փորձեցին, բայց էլի չստացվեց ու էլի չի ստացվելու նաև սահմանազատման գործընթացի շնորհիվ։ Այդ գործընթացով մենք շատ շատերին զրկել ենք մայիսի 9-ին սահմանային բախումներ հրահրելուց»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա «սահմանազատման գործընթացը պետության գոյության համար անկյունաքարային ու շրջադարձային» է համարել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։