Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում իշխանություններն ուժային կառույցների և մարզպետարանի աշխատակիցների միջոցով բացատրական աշխատանքներ են տանում գյուղացիների շրջանում՝ համոզելով ստորագրել տան դիմաց փոխհատուցում ստանալու փաստաթղթերը, իսկ եթե չհամաձայնեն, հասկացնում են, որ իրենց սեփականությունը հանրային գերակա շահ է ճանաչվելու, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Բնակիչները թերթին պատմել են, որ իրենց տներից դուրս գալ համոզողներից ամենաակտիվը վարչական ղեկավար Կամո Շահինյանի որդին ու եղբորորդին են։ Նրանք հայտնել են, որ մայիսի 22-ին գույքագրվել է ընդհանուր 54 գույք՝ 38 սեփականատիրոջով։
«Գյուղացիներին, սակայն, փոխհատուցման հստակ չափ չի ասվել: Տների համար բանավոր հնչում է փոխհատուցման ավելի քան 16 մլն դրամ չափը՝ կախված գույքից, իսկ հողատարածքների համար հստակություն դեռ չկա։ Կիրանցեցիները, սակայն, չեն ասում, թե քանիսն են համաձայնել փոխհատուցման առաջարկին, քանիսն են դեմ»,- հայտնել է թերթը։
ԶԼՄ-ն, հղում անելով համայնքապետարանի աղբյուրներին, գրել է, որ մայիսի 22-ի դրությամբ 5 անձ ընդունել է փոխհատուցման առաջարկը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամվոր Գառնիկ Դանիելյանը մայիսի 23-ին խորհրդարանում լրագրողերին հաստատել է լուրը, որ կիրանցիներն ամեն օր ճնշումների են ենթարկվում։
«Կիրանցիների մոտ ստեղծում են իրավիճակ, որ այլևս ելք չկա և ամենաճիշտ լուծումը փոխհատուցումը վերցնելն է։ Ասվել է՝ եթե հիմա հանդարտ կերպով այդ փոխհատուցումը չվերցնեք, դրանից էլ կզրկվեք։ Այսինքն՝ նորից ահաբեկչական մեթոդներով սպառնում են բնակիչներին։ Տեռոր են իրականացնում՝ սպառնալով աշխատանքից ազատել, վարույթներ նախաձեռնել։ Այդ ճնշումների ընթացքում կլինեն մարդիկ, ովքեր տեղի կտան»,- նշել է պատգամավորը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։