Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչներն այրել և քանդել են իրենց գույքն այն հատվածում, որը պետք է սահմանազատման արդյունքում անցնի Ադրբեջանին, հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Ըստ տեղում աշխատող Newday.am կայքի լրագրող Անի Գևորգյանի՝ սեփականատերերից մեկին հորդորել են տարածքն ազատել սահմանված ժամկետից շուտ։
«Չնայած նրան, որ բանավոր խոսվում էր 1-2 ամիս ժամանակ տալու վերաբերյալ, մարդկանց ասել են, որ մի օրվա ընթացքում ազատեն տարածքը»,- հայտնել է նա։
Լրագրողը հավելել է, որ կիրանցիները հակառակորդին չհանձնելու համար փորձում են այրել իրենց ունեցվածքը, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։
«Խանութի տերը փորձում էր այրել իր գույքը, ինչ-որ հատված հաջողվեց այրել, սակայն բերվեցին ոստիկանական զորք, հրշեջ մեքենա։ Սեփականատերն ընդգծում էր, որ ինքը թուրքին որևէ բան չի թողնելու»,- հայտնել է նա։
Մայիսի 20-ին Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը News.am-ին հայտնել էր, որ 2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ և ավտոլվացման մեկ կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։