Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում Ղազախի շրջանի 4 գյուղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության վերահսկողության տակ է ացել, որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահման, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հայտարարությանը։
«Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի գյուղերի տարածքներն այսօրվանից անցել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության վերահսկողության տակ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահման»,- ասված է հայտարարության մեջ:
Մայիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը Տավուշի մարզում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։
Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։