«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վերին օղակներում քննարկվում է իշխանության «պահապան» խմբեր ստեղծելու և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների դեմ հակընդդեմ գործողություններ իրականացնելու հարցը, տեղեկացրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ իշխանությունները դա կանեն, եթե առաջիկայում շարժումը նոր թափ հավաքի։ Թերթի պնդմամբ՝ նույն գործողությունը կիրառել էին 2020-ի նոյեմբերին, երբ ««Հեղափոխության պահապանների» խումբը զինել էին և դաչաներում բնակեցրել, մինչև պայքարի ալիքի մարելը»:
Թերթը գրել է, որ այս գործողությունները կապված են ոստիկանության զորքերի սակավության հետ։
«Ճիշտ է, Փաշինյանը վերջին 3-4 տարում բազմապատկել է ոստիկանությունն ու նրանց աշխատավարձերը, սակայն նրան չեն բավարարում ոստիկանական ներքին զորքերի բարբարոսությունները` ուզում է ցույց տալ, որ ինքը հանրային աջակիցներ էլ ունի»,- ասված է թերթում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մայիսի 13-16-ն անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։