«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել մայիսի 30-ի առավոտյան մեքենաներով շրջապատել կառավարութան շենքը, որտեղ ժամը 11։00-ին կառավարության նիստն է ընթանալու։ Այս մասին նա հայտարարել է Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելով օրվա արդյունքները։
Նա մեքենատերերին հորդորել է բոլոր կողմերից ժամը 10։30-ին մեքենաներով մոտենալ կառավարության շենքին։ Ոստիկանության արգելքի դեպքում Գալստանյանը կոչ է արել ոտքով հասնել նշված վայր։
«Ամեն մեկն իր մեքենայով մուտք է գործում Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց։ Եթե ոստիկանությունն արգելափակի, մեքենան թողնում եք տեղում և ոտքով մոտենում կառավարության շենքին»,- ասել է նա։
Գալստանյանը կոչ է արել գտնել և հրապարակել պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություններ գործադրած, դեպի Սարդարապատի հուշահամալիր կաթողիկոսի ճանապարհը փակած ոստիկանների անուն-ազգանունները և լուսանկարները, որպեսզի հասարակությունը նրանց դեմքերով ճանաչի։
«Հանում եք բոլոր նկարները, անուն առ անուն, հրապարակում եք։ Ուղղակի պետք է հանրային վերահսկողություն, պետք է պարսավանքի ենթարկենք բոլոր առումներով»,- նշել է շարժման առաջնորդը։
Այսօր առավոտվանից շարունակվել էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաները։ Շարժման աջակիցները նաև փակել էին Երևան-Վարդենիս ավտոճանապարհը՝ Նորատուսի հատվածում, հայտնել է «Ազգային ճակատը»։
Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մայիսի 13-16-ն անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։