«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր տանը հյուրընկալել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա հերքել է տելեգրամյան ալիքներից մեկով տարածված տեղեկությունը, թե «Ծառուկյանը մերժել է Սրբազանի՝ շարժմանը միանալու խնդրանքը՝ բերելով պատճառաբանություններ»։ Տոնոյանը տեղեկությունը «հորինվածք» է որակել։
Տոնոյանը նշել է, որ Ծառուկյանը Սրբազանին հյուրընկալել է ընտանեկան միջավայրում՝ ընթրիքի սեղանի շուրջ։
«Ընտանեկան օջախում հյուրընկալության ժամանակ ընդունված չէ քննարկել աշխատանքային, առավել ևս՝ քաղաքական հարցեր։ Սակայն մի փոքր բացելով հանդիպման փակագծերն ասեմ, որ Սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից (Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղ-խմբ․) տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, ինչին անմիջապես դրական արձագանք է տվել։ Ծառուկյանը շեշտել է, որ անհապաղ կհանձնարարի բարեգործական հիմնադրամի աշխատակազմին կազմակերպել աջակցության տրամադրման գործընթացը»,- տեղեկացրել է Տոնոյանը։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։