«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները կառավարության շենքի մոտ դադարեցրել են բողոքի ակցիան և շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ երթով շարժվել դեպի Սուրբ Աննա եկեղեցի, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Մինչ այդ, ցուցարարների խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը դուրս է եկել կառավարության շենքի՝ դեպի Հանրապետության հրապարակ նայող դարպասից։
Ոստիկանությունը դադարեցրել է կառավարության շենքի շուրջ շրջափակումը։
Շարժումը մայիսի 30-ի առավոտվանից ակցիա էր իրականացնում կառավարության շենքի մոտ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթանում էր կառավարության նիստը։ Այնուհետև ցուցարարները շարժման առաջնորդի կոչով փորձել էին փակել կառավարության շենքի մուտքերը։
Ցուցարարների խմբերը հավաքվել էին կառավարության շենքի բոլոր մուտքերի մոտ՝ ոստիկանական շղթայի դիմաց։ Ինքը՝ Գալստանյանը, իր համախոհների գլխավորությամբ, պարբերաբար երթեր էր անցկացնում կառավարության շենքի շուրջ։ Իրավիճակը պարբերաբար լարվում էր մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակում։ Բագրատ Սրբազանը մեքենաներով կառավարության մուտքերը փակելու կոչ արել էր մայիսի 29-ին։
ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հայտնել էին, որ ժամը 16։00-ի դրությամբ բերման ենթարկված նոր քաղաքացիներ չկան։ Ժամը 12։30-ի դրությամբ հայտնել էին 9 բերման ենթարկվածի մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։