«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 31-ին Սուրբ Աննա եկեղեցու բակից երթով շարժվել է Արտաքին գործերի նախարարության շենք, ուր այս պահին հանդիպում են պահանջում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ հանդիպմանը, բացի շարժման տասը անդամներից, պետք է ներկա լինեն նաև լրագրողները։ ԱԳՆ-ից դեռ չեն արձագաքել պահանջին։
ԱԳՆ շենքի տարածքում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել։ Ոստիկանությունը շրջափակել է ԱԳՆ շենքը և թույլ չեն տալիս, որ ցուցարարները մոտենան մուտքերին։ Բագրատ Սրբազանն, իր հերթին, քաղաքացիներին կոչ է արել շրջափակել ԱԳՆ-ի շենքի մուտքերը։
«Դիմում եմ մեր ազգաբնակչությանը, այլևս ժամանակ չկա, բոլորդ եկեք ԱԳ նախարարության շենքի դիմաց»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Բագրատ Սրբազանը։
ՆԳՆ ոստիկանությունը կոչով դիմել է ակցիայի մասնակիցներին՝ տեղեկացնելով, որ ԱԳՆ-ն անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։
«Արտաքին գործերի նախարարությունն անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,- հայտարարել է ոստիկանությունը։
Տեղում է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Ոստիկանապետն ու Բագրատ Սրբազանը բաակցում են։
Հովհաննիսյանն ավելի ուշ հայտնել է, որ Միրզոյանը հանդիպման համաձայնություն չի տվել, զբաղված է։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մանրամասները՝ տեսանյութում։