Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց ոստիկանությունը փորձել է ցրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան, որից հետո բախումներ են սկսվել։
Ոստիկանական ուժերը ցուցարարներին դուրս են հանել ԱԳՆ շենքի մուտքի աստիճաններից, որտեղ նրանք բողոքի ակցիա էին իրականացնում։ Հիշեցնենք՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը շարժման աջակիցների հետ մայիսի 31-ին երթով եկել է ԱԳՆ շենքի մոտ, հանդիպում է պահանջում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ավելի ուշ Armenia Today-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ բերման է ենթարկվել ակցիայի 16 մասնակից։
«Ազգայի ճակատը» տեղեկացրել է, որ «բերման են ենթարկվել նաև հոգևորականներ, իսկ ոստիկանները հարվածներ են հասցրել լրագրողներին»։
«Սև բերետավորները ոտքով հարվածել են Բագրատ Սրբազանին, քաղաքացիներին հարվածներ են հասցրել նաև մահակներով։ Սարկավագներից մեկը հիվանդանոց, մյուսը՝ բաժին է տեղափոխվել»,- հավելել է «Ազգայի ճակատը»։
Ավելի ուշ Սրբազանը հաստատել է, որ իրեն հարվածել են։
Այս պահին ԱԳՆ-ի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ակցիան շարունակվում է։ Միևնույն ժամանակ, ոստիկանությունը նախազգուշացրել է, որ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու դեպքում կարող է գործողություններ ձեռնարկել։
«Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու դեպքում իրավիճակի ամբողջ պատախանատվությունն ընկնելու է ակցիայի կազմակերպչի վրա»,- ԱԳՆ շենքի դիմաց հայտարարել է ՆԳՆ ոստիկանությունը։
Ի պատասխան՝ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իրավիճակի պատասխանատուն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է։
«Այս ամբողջ գործողություններն Արարատ Միրզոյանի վզին են։ Նոյեմբերի 9-ին իրեն էլ հանձնեցին, այսօր էլ հանձնեցին»,- ասել է Սրբազանը։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մանրամասները՝ տեսանյութերում։