Բագրատ Գալստանյանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող նախկին ռեժիմների վերադարձի որևէ փորձ լինել, YouTube-յան էջում տեղադրած իր տեսանյութում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով ՀՀ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
Ըստ Մարուքյանի՝ Գալստանյանը բացի նախկինների վերադարձը բացառելուց նաև հրապարակային պետք է դիմի երկրորդ և երրորդ նախագահներին՝ պահանջելով երաշխիքներ, որ իր ընտրվելու դեպքում նրանք չեն վերադառնա քաղաքականություն։
«Մենք ասում ենք Սրբազանին՝ իշխանություններին զրկիր քո դեմ միակ գործիքից: Ինձ ասում են՝ ինչպե՞ս կարող է Սրբազանն այդ երաշխիքը տալ: Իմ տարբերակը հետևյալն է՝ Սրբազանը կարող էր հայտարարել, որ դիմում է նախկին 20 տարվա իշխանությունների ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանք դուրս գան քաղաքական գործընթացներից»,- ասել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանությունն անցած 20 տարվա արատավոր կառավարման ուղիղ հետևանքն է, ինչը նշանակում է, որ պատճառը նրանք են, իսկ հետևանքը՝ այսօրվա իշխանությունը։
«Եթե դուք դժգոհ եք այսօրվա կառավարությունից, ուզում եք փոխել այսօրվա կառավարությանը, հետևաբար, պետք է առաջին հերթին ասեք, որ ձերբազատվել է պետք այդ պատճառներից։ Եթե դուք պատճառը բերեք առաջ, անհնար է հետևանքից ազատվելը։ Այստեղ է ամբողջ բանաձևը»,- նշել է Մարուքյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։