Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարում է։
«Շարժումը մարում է, ինչը տեսնում եմ՝ հաշվի առնելով իմ քաղաքական փորձառությունը և այն, ինչ տեսնում եմ։ Շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում»,- լրագրողներին Ազգային ժողովում հայտնել է Հարությունյանը։
Նա արձագանքել է շարժման հաշտության կոչերին՝ նշելով դրա անհնարինության մասին։
«Երբ գալիս ես ինչ-որ կառույցի առաջ ու համատասխան մարմինների ղեկավարներին հաթաթաներ ես տալիս, դժվար թե դրական որևէ արձագանք լինի»,- ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ շարժման առաջնորդներն իրավիճակն «անընդհատ լարում են, տանում բախումների»։
«Եթե այդ գործելաոճը չլինի, մենք ցանկացած ուժի հետ հարաբերվում ենք»,- նշել է նա։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։