«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ հունիսի 9-ին մեծ հանրահավաք է տեղի ունենալու։
Նա հայտնել է, որ մտադիր են այցելել Վարդենիս ու Սյունիք՝ սահմանազատման գործընթացի անընդունելի պայմանների մասին իրազեկելու համար։
Շարժման առաջնորդն աջակիցներին հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 10։30-ին, հրավիրել է Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ չհստակեցելով, թե ուր են գնալու։
«Վաղը ժամը 10։30-ին այստեղ ենք լինելու, չեմ ասում՝ ուր ենք գնալու, գնալու եմ շատ կարևոր հանդիպման»,- նշել է նա։
Գալստանյանը հավելել է, որ հունիսի 7-ի երեկոյան ևս «անակնկալ է սպասվում»՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակից «տեղ պիտի գնան»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։