«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատմել է շարժման՝ հունիսի 9-ին նախատեսված հանրահավաքի մասին։ Նա հայտնել է, որ հանրահավաքը նախատեսված է ժամը 18։30-ին՝ Հանրապետության հրապարակում։
«Շատ կարևոր, հանգրվանային, հենման կետ հանդիսացող հանրահավաք է լինելու՝ մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար»,- նշել է նա։
Գալստանյանը խոսել է նաև անցումային կառավարության գործառույթների մասին։ Դրանք, ըստ նրա, երեքն են՝ հաշտության օրակարգի իրականացում, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և սահմանված ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում։ Գալստանյանը շեշտել է, որ այդ կառավարությունը չի մասնակցելու ընտրություններին։
Նա հիշեցրել է, որ վաղը շարժման աջակիցները մեկնելու են Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սոթք համայնքներ: Նա հավելել է, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում ամենօրյա հավաքը չի կայանա։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։