«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաների մասնակիցներին վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև «իրենց հերթական հանձնարարականն» ստանալու մասին տեղեկությունն ակնհայտ կեղծ է, գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անցկացվում է Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք։ Դա, ըստ խոսնակի, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է, հետևաբար նրանց մասին տեղեկություններն «անհիմն» է որակել։
«Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին»,- գրել է Սարգսյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։