Ադրբեջանը պնդում էր 4 գյուղը վերադարձնել՝ առանց սահմանազատման գործընթացի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ին որևէ կողմ սահմանազատում չի պարտադրել։
«Սահմանազատման գլխավոր և առաջնային շահառուն ՀՀ-ն է։ ՀՀ-ին որևէ կողմ սահմանազատում չի պարտադրել, իհարկե, պետք է ամրագրենք, որ Ադրբեջանը պնդել է, որ իրականացվի 4 գյուղի վերադարձը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պահանջում էր գյուղերի վերադարձ առանց սահմանազատման, սահմանի հստակեցման։
«Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում ունեցանք սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանազատել արդեն իսկ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող և իրավական ուժ ունեցող սահմանագիծը, ըստ դրա, Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելով՝ այս հատվածներում ունենալ պետական սահման և հետո նոր իրականացնել գյուղերի վերադարձը»,- նշել է նա։
Ծառուկյանը խոստովանել է, որ ադրբեջանական կողմը հրապարակային խոսքում պատերազմով է սպառնացել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Նրանք բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մայիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշում սահմանազատման գործընթացը կասեցնելու դեպքում պատերազմ է սկսվելու։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։